Փարիզում էլ նշվեց Երկրապահի օրը

Երկրապահի  օրը մեծ հանդիսավորությամբ նշեցին ԵԿՄ բոլոր բաժանմունքներում, մարզային խորհուրդներում, Արցախում և Սփյուռքում:
Մայիսի 12-ին Երկրապահի օրվա առթիվ տոնական միջոցառում էին կազմակերպել նաև  ԵԿՄ Ֆրանսիայի բաժանմունքի եռասերունդ երկրապահները:  Բաժանմունքի ղեկավար Ռուբեն Գալստանյանի առաջնորդությամբ ֆրանսահայերը ծաղկադրեցին  Փարիզի Երևանյան զբոսայգում տեղադրված Կոմիտասի հուշարձանը՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին:
Այնուհետև Փարիզի Հայ Առաքելական եկեղեցում երկրապահ կամավորականները մասնակցեցին Ֆրանսիայի  հայոց  թեմի առաջնորդ գերաշնորհ Վահան եպիսկոպոս  Հովհաննիսյանի ձեռամբ մատուցված նահատակների հոգեհանգստյան պատարագին: Սրբազան հայրն իր խոսքում բարձր գնահատեց Երկրապահի դերը հայոց պետականության կերտման գործում: