Երկրապահը հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, ավանդույթի համաձայն, ապրիլի 24-ի վաղ առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանին ուղեկցում էին Արցախյան պատերազմի վետերան երկրապահներ, երիտասարդ երկրապահներ, որոնցից շատերը մասնակցել են ապրիլյան պատերազմին, պատանի երկրապահներ:
Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ Մանվել Գրիգորյանն ասաց, որ ապրիլի 24-ի հիմնական խորհուրդն այն է, որ պետք է ազգովի միաբան լինենք, որպեսզի դիմակայենք արտաքին մարտահրավերներին: Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ գեներալը գոհունակություն հայտնեց՝ ընդգծելով, որ թե՛ ցուցարարները, թե՛ իշխանությունը իմաստություն ցուցաբերեցին՝ գնալով անցնցում ճանապարհով, որ Սերժ Սարգսյանը նախորդների սխալները չկչկնեց եւ չփորձեց ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ: Ըստ մանվել Գրիգորյանի՝ Երկրապահի համար կարեւորագույն խնդիրը Արցախն է, սահմանն է, սահմանապահ զինորն է:
Երկրապահները ծաղկադրումներ, խոնարհումի եւ խնկարկման միջոցառումներ իրականացրին Հայաստանի բոլոր տարածքներում, Արցախի բոլոր վարչական շրջաններում, Սփյուռքում: Հիշեցնենք, որ դեռ 2015-ին Զորավարի նախաձեռնությամբ բոլոր այս վայրերում հարյուրից ավելի Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներ են տեղադրվել՝ ի հիշատակ սրբադասված նահատակների: Նշենք նաեւ, որ հիշատակման արարողությունները եռասերունդ Երկրապահն սկսեց վաղ առավոտյան՝ ԵԿՄ շենքի տարածքում տեղադրված Ջուղայի խաչքարի կրկնօրինակին ծաղկադրումով: