Շնորհավորանք Բանակի օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա` կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով ու ամրանալով երկրապահ հայորդիների արյամբ ու անձնազոհությամբ:
Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին` նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը` պատասխանատվություն  է ու պատիվ, քանի որ բանակը ՀՀ ամենակայացած կառույցներից է, մեր անվտանգության երաշխիքն է:
Ահա այս վեհ նպատակի իրականացմանն են ուղղված Երկրապահ կամավորականների միության համագործակցության բոլոր ծրագրերը, ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, որոնցով սկսվում են նոր սերնդի, պատանի, երիտասարդ երկրապահ կամավորականների ռազմահայրենասիրական դաստիարակության առաջին քայլերը:
Բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման տարեդարձի առիթով Եռասերունդ երկրապահի անունից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, զոհված, անհայտ կորած մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, հատկապես մեր մեծ մորը` Գրետա մայրիկին, մեր բանակի հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Հանրապետության զինված ուժերին` շարքայինից մինչ նախարար եւ գերագույն գլխավոր հրամանատար:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության եւ ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:
Շնորհավորում եմ նաեւ հայոց պետականությունն  ու խաղաղությունը այսօր պաշտպանող զինվորների ծնողներին, մայրերին, բոլոր զինծառայողների հարազատներին: Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ 1989-94 թվականների պատերազմի զոհերին, թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված քաջերի ծնողներին, ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին, մինչ օրս սահմանային միջադեպերի զոհ դարձող զինվորականների հարազատներին եւ ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում բացառել ցավալի կորուստները: Հպարտացե´ք ձեր զավակներով, սիրելի´ մայրեր, ձեր զավակներն անմահացել են` գիտակցված մահն ընտրելով:
Շնորհավորանքներս նաեւ Արցախի ժողովրդին, ղեկավարությանն ու պաշտպանության բանակի հրամանատարությանը:
Յուրահատուկ շնորհավորանքներս նոր սերնդի դաստիարակությամբ զբաղվող մեր ուսուցիչներին ու դասախոսներին, մեծ է ձեր ավանդը ազգային բանակի  համալրման գործում:
Միասնական ժողովուրդն ու հզոր եւ մարտունակ բանակն են երկրի խաղաղության ու կայունության երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտընկերները: Արժանի ու պաշտպան լինենք մեր նահատակ մարտընկերների պատգամին, միասնական եւ արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին, հավատանք  ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր երեխաներին, ովքեր՝ տղա, թե աղջիկ, երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում հավատն ու վստահությունը վաղվա օրվա  հանդեպ:
Ջերմ շնորհավորանքներս Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքների բնակիչներին, որ գիտակցաբար վտանգում են իրենց կյանքը, բայց նպաստում են հայրենիքի շենացմանը, հզորացմանը, ամրապնդմանը: Այս տարածքների բոլոր բնակիչները` նորածնից մինչեւ հարյուր տարեկան, սահմանապահ են, երկրապահ են:
ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի եւ իմ անունից մեկ անգամ  եւս շնորհավորում եմ  հայ ժողովրդին  բանակի օրվա առթիվ, մաղթում հավատ ու վստահություն սեփական ուժերի հանդեպ, մաղթում եմ միասնականություն, քանզի միասնական հայությունն անպարտելի է:
Փա´ռք Հայոց հաղթանակած բանակին, փա´ռք հայ ժողովրդին, հավե´րժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար  Մանվել Գրիգորյան