Խոսք նորակոչիկներին

Հարգելի՛ զորակոչիկներ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ հայոց փառապանծ բանակում ծառայության անցնելու կապակցությամբ:
Ոչ միայն պարտք ու պատասխանատվություն, այլեւ պատիվ է անկախ Հայաստանի բանակի զինվոր լինելը: Սա այն հաղթական բանակն է, որ հիմնադրվել է հայ ազգի երկրապահ զավակների ջանքերի ու մաքառումների, ցավոք՝ նաեւ արյան գնով: Սա այն բանակն է, որի առաջին հրամանատարը, առաջին նախարարը եղել է ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Դեռ 1989-ին ժողովրդի պահանջով ձեւավորվեցին երկրապահ կամավորական ջոկատները, որոնց համախմբումն ու միավորումը նախաձեռնեց Սպարապետը: 1989-92-ի պատերազմն իրենց վրա վերցրին երկրապահ կամավորականները, ովքեր նաեւ կանոնավոր բանակի հիմնադիրը եղան: 1992-94 թվականներին էլ Երկրապահի ծնունդ պետական բանակը կարողացավ պաշտպանել ու ազատագրել հայրենյաց սահմանները, կարողացավ հրադադար պարտադրել մեզ պատերազմ պարտադրած ռազմատենչ ոսոխին: Մեր բանակը հստակորեն կատարեց մարտական առաջադրանքը նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին: Բանակը հզոր է, մարտունակ: Մենք մշտապես կարողանում ենք պատժել նենգաբարո ոսոխի՝ դիվերսիոն թափանցման փորձերը: Սակայն, ունենում ենք ցավալի զոհեր, նահատակվում են մեր լավագույն զավակները: Ամեն մեկ հայի կյանքն էլ թանկ է մեզ համար, ուստի հորդորում եմ ձեզ լինել մշտարթուն, ամեն վայրկյան լինել զգոն: Պետք է մեկ անգամ եւ ընդմիշտ հիշենք՝ թուրքը նենգ է, թուրքն ընդունակ է ամեն տեսակի սադրանքի, ամեն տեսակի ստորության: Մենք պարտավոր ենք յուրաքանչյուր ակնթարթի դրանց հերթական սադրանքին դիմակայելու պատրաստ լինել:
Բանակի պատասխանատուները՝ սկսած զորամասերի հրամանատարներից, հոգատար ու սրտացավ են զինվորի համար: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զինվորական գործի հմուտ գիտակ է, որ հիանալի պատկերացնում է բանակի բոլոր խնդիրներն ու պրոբլեմները: Ես անձամբ ճանաչել եմ նախագահին դեռ 1989-ից, նրա հետ լուրջ ճանապարհ եմ անցել, տեսել եմ նրան թե՛ պաշտպանության կամ հարձակման մարտական պլաններ հաստատելիս, թե՛ խրամատում, ուստի վստահում եմ նրան: Համոզված եղե՛ք, որ գերագույն գլխավոր հրամանատարն ամեն վայրկյան մտածում է երկրի, պետության, բանակի մասին՝ ձե՛ր մասին: 
Սիրելի՛ մեր նորակոչիկներ, միշտ հիշեք, որ Երկրապահը ինչպես եղել է բանակի հիմնադիրը, ինչպես կանգնած է եղել բանակաշինության ակունքներում, այսօր եւս բանակի կողքին է, բանակի հետ է:
Դուք այսօր գնում եք փոխարինելու ձեր հայրերին, պապերին, այսօր արդեն պատասխանատվություն եք ստանձնում երկրի, պետության, հայ ազգի ճակատագրի համար: Դուք այլեւս պատասխանատվություն եք կրում հայրենյաց սահմանների, հայրենիքի, մեր Արցախի, մեր ազգի պաշտպանության եւ անվտանգության համար:  ՀՀ եւ Արցախի պետական սահմանը պաշտպանելով՝ դուք պաշտպանում եք ձեր սրբությունները՝ ձեր հավատքը, ձեր հայրենիքը, ձեր մայրերին: Վստահե՛ք ինքներդ ձեզ , սիրելի՛ նորակոչիկներ, վստահ եղե՛ք, որ ձեր հերոս հայրերի, պապերի գործի արժանի շարունակողն եք: Հիշե՛ք, զինվորի համար պատիվ է պետությանը, ազգին, հայրենիքին ծառայելը, յուրաքանչյուր հայի համար հպարտություն է հայոց բանակի համազգեստը կրելը, հայրենյաց պաշտպանի ու պահապանի կոչումը: Մեկ էլ կրկնեմ՝ Երկրապահը միշտ եղել է, կա ու կլինի բանակի կողքին, բանակի հետ:
Շնորհավորում եմ նաեւ նորակոչիկների ծնողներին: Հպարտացե՛ք, որ ձեր զավակները հայոց բանակի զինվոր են, որ ձեր զավակներն են երաշխավորում բոլորիս անդորրն ու անվտանգությունը:
Զորահավաքի միջոցառումներին ներկա են նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնք եւս ցանկացած դժվարության դեպքում կանգնած են ձեր կողքին:
Մեկ անգամ էլ շնորհավորելով ձեզ, մեր նորագիր զինվորականնե՛ր, հայոց հաղթական բանակի շարքերը համալրելու կապակցությամբ՝ մաղթում եմ մարտական ոգի, առողջություն, հաջողություններ, բարի ծառայություն եւ իհարկե՛, բարի վերադարձ:
Աստված ձեզ պահապան, հայ ազգի զինվորնե՛ր:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ        ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ