Շնորհավորանք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում  եմ  համայն  հայությանը  Ամանորի եւ Սուրբ  Ծննդյան  տոների  առթիվ, մաղթում մեր ժողովրդին  բարօրություն, համախմբում, միասնություն:
Շնորհավորում եմ  Հայաստանում ապրող մեր ժողովրդին,  ցանկանում ամուր հավատ  եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:
Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի նկատմամբ:
Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում տոկունություն ինքնապահպանության դժվարին պայքարում:
Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս, թշնամու՝ հարձակման փորձերը խափանելիս  նաեւ զոհեր ենք ունենում: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին:
Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ մարտական ընկերների ընտանիքներին, գլուխ եմ խոնարհում նահատակ քաջերի առաջ: Նրանք երկնքից էլ հսկում են մեր անդորրը:
Շնորհավորում եմ  հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին:
Առանձնահատուկ շնորհավորանքներս նոր սերնդին՝ պատանի, երիտասարդ երկրապահներին, որ վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի սերմերն են: Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք:
Ավարտվող տարում մենք շարունակեցինք հուշագրերի ստորագրումը, որպեսզի համատեղենք մեր  ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության  հզորացման: Շնորհավորում եմ Երկրապահի գործընկեր կառույցներին։
Եվս անգամ շնորհավորում եմ  համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը` Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին  Ամանորի եւ Սուրբ  Ծննդյան տոների  առթիվ ու մաղթում առողջություն, արեւշատություն:
Դարձյալ շնորհավորանքներս արցախահայությանը: Համոզված եղեք, հարգելի՛ արցախցիներ, որ եռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, եւ ոչ միայն այսօր, այլեւ՝ առհավետ:
Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք  երկրի եւ պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով:
2018 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնց իրականացման հիմնական երաշխիքը մեր միասնականությունն է։
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար               Մանվել Գրիգորյան