Նշվեց 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակը

5-րդ բրիգադը 1989-94 թվականների Արցախյան պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության բանակից հետո ամենամեծ բանակային կազմավորումն է եղել: Բրիգադի կազմում ընդգրկվել են Հանրապետության բոլոր տարածքների երկրապահ կամավորական ջոկատներ, գումարտակներ: Բրիգադն ունեցել է երեք հաղթական ռազմերթ՝ ազատագրելով ու պաշտպանելով Արցախի ավելի քան 80 բնակավայր, այդ թվում՝ Մարտակերտ, Հադրութ, Ֆիզուլի խոշոր քաղաքները՝ հարակից գյուղերով:
Երկրապահական եռասերունդ ընտանիքը մեծ շուքով նշեց բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձը: Վաղ առավոտյան ծաղկադրում կատարվեց ԵԿՄ վարչության շենքում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիի, ապա՝ ի փառս 5-րդ բրիգադի խաչքարի մոտ: Զուգահեռաբար ծաղկադրումներ կատարվեցին կենտրոնական հավաքակայանում եւ բոլոր այն տարածքներում, որտեղ կան ի պատիվ 5-րդի եւ 5-րդցիների կանգնեցված հուշարձաններ:
Երկրապահները ծաղկադրումներ իրականացրին նաեւ Եռաբլուրում, որից հետո Մայր Տաճարում մատուցվեց օրվա խորհրդով սուրբ պատարագ:
Տոնական օրը եզրափակվեց պարգեւատրումների արարողությամբ: Ի թիվս այլ գերատեսչությունների, 5-րդցիների մարտական ուղին գնահատել եւ մեկ տասնյակ 5-րդցիների պարգեւների էր արժանացրել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: