Շնորհավորանք բուժծառայողի օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Հիպոկրատի երդում տված սպիտակ խալաթավորներին մաղթում եմ երջանկություն, հաջողություններ եւ իհարկե՝ առողջություն, որպեսզի իրենք էլ հոգ տանեն բոլորիս առողջության մասին: Բուժծառայողի աշխատանքը պահանջում է պատասխանատվության խոր գիտակցում, անձնական նվիրում, անձնազոհություն: Այս համակարգի աշխատակիցներն իրենց տեսակով հայրենասեր, մարդասեր մարդիկ են՝ նվիրյալներ: Բուժաշխատողները, կարելի է ասել՝ հրաշագործ են: Որքան-որքան մարդկային կյանքեր են փրկել համեստ բնավորության տեր այս մասնագետները, քանի-քանիսին են փրկել հաշմանդամ մնալու հեռանկարից: Եվ որքան են տխրել, ինչ ապրումներ են ունեցել, երբ գիտությունն անզոր է եղել տվյալ իրավիճակում ցանկալի արդյունք ստանալու համար:
Բուժաշխատողներն ամենօրյա հույժ կարեւոր աշխատանք են կատարում: Սա, հաստատապես կարելի է նշել, կարեւորագույն մասնագիտություններից է: Բուժծառայողները հենց մասնագիտության բերումով երկրապահ են: Անգնահատելի էր առողջապահական համակարգի ներկայացուցիչների դերակատարումը ռազմի դաշտում, առաջնագծում ինչպես 1989-94-ի պատերազմի օրերին, այնպես էլ՝ 2016-ի ապրիլյան պատերազմի: Բուժաշխատողները ռազմի դաշտում օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ զենքը ձեռքին, փոխարինում զոհված ընկերոջը:
5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյա տարեդարձի նախօրեին կամենում եմ հատուկ շնորհավորել բրիգադում ծառայություն անցկացրած բժիշկներին, բուժաշխատողներին։
Երկրապահը փոխըմբռնման հուշագիր է կնքել առողջապահության նախարարության հետ, որի հիման վրա շատ սերտորեն համագործակցություն կա: Եվս անգամ կամենում եմ երկրապահ կամավորականների անունից շնորհավորել բուժծառայողներին մասնագիտական տոնի առթիվ՝ նաեւ շնորհակալություն հայտնելով, որ մեր ժողովուրդը, մասնավորապես երկրապահ կամավորականների, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները մշտապես որակյալ բուժօգնություն են ստանում, մշտապես զգում են ձեր հոգատարության կարիքը:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ      ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ