Մեր հայրենիքը մեր ձեռքով պետք է շենացնենք

 

 

Հարցազրույց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ

- Պարո՛ն Գրիգորյան, հայտնի է, որ հոկտեմբերի 27-ը ԵԿՄ հիշատակման օրերի մեջ կարեւորագույն տեղ է զբաղեցնում: Ի՞նչ միջոցառումներով եք օրն անցկացնելու:
- Այո՛, հոյտեմբերի 27-ը հիշատակման օր է: Դա մեր նորագույն պատմության ամենասեւ էջերից է: Հարգանքի տուրք ենք մատուցելու ահաբեկության զոհերի հիշատակին: Վաղ առավոտյան ծաղկադրում կկատարենք ԵԿՄ վարչությունում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիի եւ ի փառս Սպարապետի խաչքարի մոտ: Այնուհետեւ կայցելենք Եռաբլուր, կխոնարհվենք Վազգեն Սարգսյանի շիրմի առաջ: Ազգային պանթեոնում հարգանքի տուրք կմատուցենք Կարեն Դեմիրճյանի հիշատակին, կլինենք քաղաքային պանթեոնում, Նորքում, ուր հոկտեմբերքսանյոթյան ոճրագործության մյուս նահատակներն են: Երկրապահական պատվիրակությունները հոկտեմբերի 27-ին ծաղկադրումներ են կատարելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր հուշարձանների մոտ:
- Արդեն 18 տարի է անցել ոճրագործությունից: Հետահայաց ի՞նչ գնահատական կտաք կատարվածին:
- Գնահատականը չի փոխվել: Հոկտեմբերի 27-ը մանրամասն նախապատրաստված հարված էր հայ ազգին, հայոց պետականությանը: Այն իրականացնող ստահակները հայի անուն էին կրում, բայց այդ ոճիրը ծրագրողները հաստատապես հայ ազգի թշնամիներ են եղել: Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր այն ուժերին, ովքեր չէին կամենում հայ ազգի բարգավաճում, ովքեր սարսափում են հայոց պետականության ամրապնդումից: Ահաբեկման բոլոր զոհերն էլ պետական երեւելի այրեր էին, հզոր պետական գործիչներ: Վազգեն Սարգսյան – Կարեն Դեմիրճյան տանդեմը լուրջ ուժ էր դարձել, որից զգուշանում էին բոլոր թշնամի պետությունները: Ազգային, պետական գործիչներ էին եւ հոկտեմբերի 27-ի մյուս զոհերը՝ Յուրա Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը: Հոկտեմբերի 27-ից հետո բավական ժամանակ պահանջվեց մինչեւ մեր ազգը, մեր պետությունն ուշքի գային, դարձյալ զարգացման ուղի դուրս գային: Այդ դարանակալ հարվածը մեզ տարիներով հետ գցեց:
- Կարո՞ղ ենք համարել, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության բոլոր մեղավորներն են պատժված:
- Մարդ միշտ իր արարքների համար պատասխան է տալիս: Եթե կան մարդիկ, որ մեր երկրի, մեր պետության, մեր ազգի դեմ հանցանք են գործել ու դեռ անպատիժ են, թող չուրախանան: Նրանց առավել անողոք դատաստան է սպասվում: Աստված արդարադատ է:
- Ողբերգությունից հետո Երկրապահի ղեկավարումը Ձեզ վստահվեց: Հե՞շտ է Վազգեն Սարգսյանի իրավահաջորդը լինել, հե՞շտ է նրա ստեղծած կառույցը ղեկավարելը:
- ԵԿՄ վարչության նախագահի պարտականություններն ստանձնեցի Սպարապետի մոր՝ Գրետա մայրիկի եւ մարտական ընկերներիս հորդորով: Դե Սպարապետը հզոր անհատականություն է: Ամբողջ հայոց պատմության մեջ նա խոշորագույն դեմքերից է: Բայց մենք էլ պարտավոր ենք ոչ միայն խոսքով, այլեւ՝ գործով հարգել նրա հիշատակը, բարձր պահել նրա պատիվը: Ես շարունակաբար մտածում եմ Վազգենի իղձերն իրականություն դարձնելու մասին: Վազգենն ասում էր, որ հայ երեխան դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում, ինչ առաքելություն ունի: Հենց այդ գաղափարը կյանքի կոչելու նպատակով նա հիմնեց «Պատանի երկրապահ» առաջին ակումբները: Այսօր մենք, ի պատիվ Սպարապետի, կայացրել ենք եռասերունդ երկրապահական ընտանիքը: «Պատանի երկրապահն» արդեն տղա, աղջիկ 27 000-ից ավելի անդամ ունեցող կուռ կառույց է, ակումբներ կան բոլոր տարածքային բաժանմունքներում: Կայացրել ենք նաեւ «Երիտասարդ երկրապահ» կառույցը, այստեղ էլ անդամների քանակը 8 000-ին է մոտենում: Մենք կարողացել ենք պատանի երկրապահներին նաեւ պետական ճանաչման հասցնել: Դա հնարավոր եղավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործուն միջամտությամբ: Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սպորտի եւ երիտասարդության, մշակույթի, սփյուռքի, արդարադատության նախարարությունների, կադաստրի կոմիտեի, Փաստաբանների պալատի հետ, գործակցում ենք նաեւ ոստիկանության եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ: Բոլոր այս գործընկեր կառույցներով հրամանատարասերժանտական, հայրենասիրական դասընթացներ ենք կազմակերպում պատանի, երիտասարդ երկրապահների համար: Ամռանն այդ դասընթացները, հանգստի հետ զուգահեռելով, տղաներն ու աղջիկներն անցկացնում են ուսումնամարզական ճամբարում: Ի դեպ, ՀՀ նախագահի աջակցությամբ Երկրապահը նաեւ ճամբարի հիմնական, սեփական տարածք ունի: Իհարկե, Երկրապահի մշտական ուշադրության կենտրոնում են նաեւ զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների խնդիրները: Բոլոր աշխատանքներն էլ պատշաճ մակարդակով կիրականացվեն, եթե հավատք ունենանք, վստահություն ունենանք Սպարապետի գաղափարների հանդեպ, մեր պետության հանդեպ։ Կարեւորը հավատքն է Տիրոջ նկատմամբ, վստահությունն է ինքներս մեր նկատմամբ: Այսօր մենք եռասերունդ երկրապահական ընտանիքում ծնողասիրություն ենք քարոզում, հայրենիքին, պետականությանը նվիրվածություն ենք քարոզում, աշխատանքներն էլ բազմաբնույթ են եւ բազմածավալ։ Երեք սերունդների երկրապահներով միասին ենք առաջ ընթանում։
- Իսկ Արցախի խնդրում արմատական դիրքորոշումը պահպանվո՞ւմ է: Գուցե իսկապես անհրաժեշտ է որոշակի տարածքային զիջումների գնով շուտափույթ խաղաղության հասնել:
- Էդ որ պատերազմը չարիք է, Երկրապահից լավ ոչ ոք չի հասկանում: Երկրապահում բոլորն էլ խաղաղասեր, քրիստոնյա մարդիկ են: Բայց հո չի՞ կարող հայկական կողմը միակողմանի խաղաղություն հաստատել: Կլինի՞ մենք խաղաղություն անենք, իրենք՝ պատերազմ: Նստենք ձեռքներս ծալած, ասենք խաղաղություն ենք ուզում, մինչեւ ազերները գան, մտնեն մեր տնե՞րը: Երկրապահը հենց հանուն խաղաղության պնդում է, որ մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի: 1994-ի հրադադարն ինչպե՞ս կնքվեց: Դրանց դեմներս գցած, բրդում էինք: Տեսան՝ էլ ճար չկա, հրադադար խնդրեցին: Փոխզիջումը ենթադրում է, որ երկու կողմն էլ պետք է զիջեն, չէ՞: Բայց որ ալիեւներին հարցնում են, դրանք ոչինչ չեն ուզում զիջել, ասում են՝ սա ինձ, սա էլ ինձ, սա էլ՝ սիրտս է ուզում: Հիմա մենք պետք է այնքան հզորանանք՝ թե՛ ոգով, թե՛ զենքով, թե՛ տնտեսությամբ, պետք է դրանցից այնքան ուժեղ լինենք, որ խաղաղություն պարտադրենք: Ուրիշ ճար չկա: Հիմա կասեք՝ բա իրենք նավթ ունեն, բա ոնց իրենցից առաջ ընկնենք: Ես կպատասխանեմ՝ աշխատելով, շատ աշխատելով: Մեկս տասի փոխարեն պիտի աշխատենք, մեր նահատակ ընկերների փոխարեն էլ պիտի աշխատենք, պիտի մեր երկրում նպաստավոր պայմաններ ստեղծենք, որ հայերը վերադառնան հայրենիք, որ հայաստանաբնակները շատ երեխա ունենան: «Հայաստան-Սփյուռք» համաժողովում ՀՀ նախագահը ճիշտ գաղափար առաջ քաշեց՝ չորս միլիոնանոց Հայաստան: Պետք է անենք, պետք է կաշիներիցս դուրս գանք եւ մեր ձեռքով շենացնենք մեր հայրենիքը, մեր տունը:
- Ռուսաստանի հետ միասնական զարամիավորման ստեղծումն, ըստ Ձեզ, սպառնալիք է մեր ինքնիշխանությա՞նը, թե՞ անվտանգության համակարգի ամրապնդում։
- Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ծրագրերը, պայմանագրերը միշտ էլ եղել են։ Հայաստանում կա ռուսական ռազմակայան, ԱՊՀ արտաքին սահմաններին՝ Իրանի, Թուրքիայի հետ սահմաններին ռուսական զորքերն են կանգնած։ Պարզապես հիմա առավել կանոնակարգված է դառնում Ռուսաստանի հետ ռազմական ոլորտի գործակցությունն, անցկացվում են համատեղ զորավարժություններ, միասնական զորամիավորում է հիմնվում։ Մենք բոլորի հետ էլ պարտավոր ենք համագործակցել, շատ պետությունների հետ ունենք համագործակցություն, նույն ՆԱՏՕ-ի հետ համատեղ ծրագրերի ենք մասնակցում, խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում, որովհետեւ չի կարելի համաշխարհային անվտանգային համակարգի սպառողը լինել միայն, ինքներս էլ պետք է ըստ կարելվույն, ներդրում ունենանք այդ համակարգում։
- Եւ ներքաղաքական կարեւորագույն խնդրին էլ անդրադառնանք։ 2018-ի ապրիլին լիարժեք անցում է կատարվելու կառավարման խորհրդարանական համակարգին։ Ընդդիմությունն առաջարկում է համախմբվել թույլ չտալու համար, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման կոչերին։
- Ընդդիմությունը պետության կարեւոր բաղադրիչներից է։ Առանց ընդդիմության պետություն չի լինում։ Առանց ուժեղ ընդդիմության ուժեղ պետություն չի լինում։ Ընդդիմադիրներն էլ քաղաքական ուժեր են, որ մեր երկրի, մեր պետության, մեր ազգի բարօրության համար իրենց ծրագրերն ունեն։ Գաղափարների քաղաքակիրթ բանավեճը շահեկան է պետության համար։ Սակայն, կոնկրետ Ձեր մատնանշած խնդիրն անհասկանալի է։ 2018-ի ապրիլին ընտրություն չի լինելու։ Խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետի ընտրությունը կատարվել է այս տարվա ապրիլի 2-ին։ Ընտրություններում ՀՀԿ-ն քվե է ստացել։ Իրականությունն այն է, որ ըստ ընտրությունների արդյունքների, ժողովուրդը լիազորել է ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որոշել, թե ով լինի վարչապետի պաշտոնում 2018-ի ապրիլից հետո։ Արդեն կայացած ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է խորհրդարանի տեղերի կեսից ավելին, իսկ ՀՀԿ առաջնորդը Սերժ Սարգսյանն է։ Կոպիտ ասած՝ նա էլ կորոշի, թե ով լինի վարչապետ։