Ազատ, անկախ Արցախն անշրջելի իրականություն է

 

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից  շնորհավորում եմ   ԼՂՀ  իշխանություններին  ու Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Անկախության  եւ ազատ ապրելու իրավունքը նվաճելու համար արցախահայությունը երկար է մաքառել: Համայն հայության միասնականության շնորհիվ արդեն իրողություն է դարձել  հայոց անկախ Արցախի գոյությունը որպես  հայկական ինքնուրույն եւ ժողովրդավարական  երկրորդ  պետություն: Ցավոք, բնույթով հայրենական այդ պատերազմում աշխարհասփյուռ հայ ազգը հրաշալի զավակներ կորցրեց, որոնց թափած արյունը, սակայն, երիցս արժեւորված է հայկական Արցախ պետության գոյության փաստով։ Հավերժ փա՛ռք մեր քաջարի ընկերներին։ Նրանց հիշատակը հարգելու ենք Արցախն առավել հզորացնելով։ Ցավալի զոհեր ունեցանք նաեւ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն, միասնական հայությունը հզոր հակահարված տվեց թուրք-ազերիների լայնամասշտաբ հարձակմանը: Հերթական անգամ աշխարհին ցույց տվեցինք, որ ազատ, անկախ, ժողովրդավար Արցախն աշխարհի ինքնիշխան պետությունների շարքում քայլելու լիարժեք իրավունք ունի: Հասկացրինք թուրքերին եւ ողջ մարդկությանը, որ երբեք-երբեք զիջումների չենք գնալու Արցախի անկախության հարցում:
Արցախի ողջ ժողովուրդը երկրապահ է, իսկ երկրապահ կամավորականությունն  ի սկզբանե եւ մշտապես կանգնած է  հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջին շարքում: Արցախահայության պայքարը երկրապահության պայքար է:
Արցախի անկախության համար թափված արյամբ է՛լ ավելի քաղցրացավ Արցախի հողը ու դարձավ սրբատեղի եռասերունդ Երկրապահի եւ  համայն հայության համար:
Փա՛ռք մարտնչող արցախահայությանը:
Փա՛ռք Արցախի հերոս մայրերին, որ մարտնչող ու հերոս զավակներ են  ծնում:
Փա՛ռք Արցախի ազատագրման համար նահատակված բոլոր հայորդիներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ սիրելի Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հավատ ու միասնություն, ինչպես որ հավատում էինք ու միասնական էինք պատերազմի տարիներին եւ այդ միասնականության արդյունքում մենք ունեցանք ազատ ու անկախ Արցախ, ինչպես որ միասնական էինք ապրիլյան պատերազմում ու դարձյալ լռեցրինք շուն թուրքին: Ես հավատում եւ վստահում եմ Արցախի իշխանությանը: Արցախի անկախ Հանրապետության նախագահները բոլորն էլ ազգի նվիրյալներ են եղել, մեր մարտական ընկերներն են: Վստահեցնում եմ, որ Արցախ պետությունը վստահորեն պաշտպանված է. Արցախի ժողովուրդը համախմբված է իշխանության շուրջ, իշխանությունն էլ ամեն ինչ անում է հանուն Արցախի բնակչության, հանուն Արցախ պետության:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար       Մանվել Գրիգորյան