Հանրապետության նախագահը պատանի երկրապահների ճամբարում

Եռասերունդ երկրապահի ուսումնամարզական ճամբարը սիրված հանգստյան վայր է պատանիների և աղջիկների համար: Գեղարքունյաց գեղատեսիլ անտառում՝ Սևանի ափին գտնվող ճամբարում հյուրընկալվել են պատանիներ ու աղջիկներ հանրապետության բոլոր մարզերից, Արցախից ու սփյուռքից:

Այս տարածքը ԵԿՄ-ին էր հանձնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ, որպեսզի այն լիարժեք ծառայի պատանի, երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության գործին: Տարածքն ընդունելով՝ Երկրապահն առաջնահերթ լուծեց ջրամատակարարման խնդիրը, փորվեցին երեք խորքային հորեր, լուծվեց նաեւ գազամատակարարման խնդիրը: Տարածքում տեղադրվեցին զուգարաններ, մաքրության, բարեկարգման աշխատանքներ կատարվեցին, անցկացվեցին ճանապարհներ: Վերանորոգվեցին մասնաշենքերը, կառուցվեց  բուժկետ, ճաշարան:

14 հերթափոխերի ընթացքում ճամբարում իրենց ակտիվ հանգիստն են անցկացրել 7 000 պատանի և երիտասարդ երկրապահներ : Ուսումնամարզական հավաքներում ընդգրկված են եղել մանկավարժներ, բժիշկներ, տարբեր ոլորտների մասնագետներ, ավագ սերնդի երկրապահ-ազատամարտիկներ,  ովքեր երեխաների համար դասընթացներ են իրականացրել:

Ճամբարում կազմակերպվել են սեմինարներ, գիտաժողովներ, հանդիպումներ ճանաչված մարդկանց հետ: Հանգստին զուգահեռ՝ պատանիները նաև հրամանատարասերժանտական դասընթացների են մասնակցել, որոնց կազմակերպմանն աջակցում էին ԵԿՄ-ի հետ գործակցության հուշագրեր ստորագրած նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչները՝ պաշտպանության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություններ, ոստիկանություն, հայ առաքելական եկեղեցի: Ի դեպ, բոլոր այս ծրագրերն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ:

Զորավար Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ ճամաբարականներին էր այցելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ծանոթացավ այստեղ իրականացված աշխատանքներին, ճամբարականների առօրյային, զրուցեց պատանիների հետ:

Երեք սերունդների երկրապահներն էլ հավաստիացրին, որ տեր են հայրենիքին, որ վաղվա Հայաստանի եւ Արցախի հզորության սերմերը նաեւ այս ճամբարում են ցանվում։ Պատանիները ճամբարից կհեռանան վառ տպավորություններով և ակնկալիքով, որ հաջորդ տարի արդեն էլ ավելի լավ պայմաններում և ավելի հագեցած է կազմակերպվելու  իրենց ամենամյա ուսումնամարզական հանգիստը երկրապահական ճամբարում: