Մտքերից

Ես հաղթանակած կողմի գեներալ եմ: Ես հաղթանակին հասել եմ իմ մարտական ընկերների սխրանքների գնով: Մենք պարտավոր ենք հակառակորդին ստիպել հաշտվելու արդեն պատմական իրողության հետ: Ես հող զավթած գեներալ չեմ: Ես հող ազատագրած գեներալ եմ: Ինձ համար պատերազմը խաղ չէ: Ինձ համար պատերազմը բիզնես չէ: Ինձ համար պատերազմն արյուն է: Ես արյուն եմ խառնել ազատագրված հողին ու չեմ կարող այն զիջել: Դիվանագետների համար պատերազմը խաղ է, խաղ թղթի վրա, քարտեզի վրա: Կամավորականից, շարքային ազատամարտիկից մարտադաշտում գեներալի կոչման հասած հայի համար պատերազմն արյուն է: Քանի-քանի տղերք երգելով դեպի մահ գնացին, հավատալով, որ իրենց այդ պահի մահից հետո անմահությունն է: Տղերքը երգելով մահվան միջով դեպի անմահություն էին գնում: Հիմա այս տղերքն ապրում են իմ մեջ: Կան բաներ, որոնք չեն մոռացվում: Ես ոնց կարող եմ երգելով դեպի մահը նետված տղերքին մոռանալ: Որ մեկին մոռանամ: Ես ոնց կարող եմ նրանց արյամբ ազատագրածը մոռանալ: Հայրենիքն ինձ համար իմ նահատակ ընկերների արյան կանչն է, որը շաղախվել է այս հողին ու հողն այսօր նրանց սրտի զարկերով է շնչում: Ես չեմ հավատում հակառակորդի կողմից պատերազմի վերսկսման հիստերիկ ջղաձգումներին, բայց միշտ պատրաստ եմ:


Չպետք է զինվորին, բանակին խառնել քաղաքականությանը, իսկ երբ խոսում են բանակի նվաճումները զիջելու մասին, երբ առեւտրի առարկա է դառնում բանակի ձեռք բերած նվաճումը, նշանակում է բանակին խառնում են քաղաքականությանը, նշանակում է քաղաքական խաղերի մեջ զինվորին զոհ են տալիս: Պատերազմով հաղթած գեներալը սա չի կարող հանդուրժել: Ես` գեներալ Մանվել Գրիգորյանս, սա չեմ հանդուրժի: Զինվորի կուսակցությունը հայրենի հողն է: Զինվորի կուսակցությունը պետությունն է: Ամենալավ կուսակացությունը պաշտպանված սահմանն է: Եթե սահմանը պաշտպանված չեղավ, թշնամին կգա կուսակցությունների հերը կանիծի: Ինչ ուզում եք արեք, բայց ազգի տարբեր մտածելակերպեր մի հակադրեք իրար: Ազգի ամենամեծ վտանգը գալիս է սրանից: Կան տարբեր մտածելակերպեր: Չի կարելի ծայրահեղությունների գնալ: Չի կարելի ինչ-որ խմբի մտածելակերպը համարել ազգային, ինչ-որ մեկինը` հակաազգային ու նրանց իրար դեմ հանել: Սա քաղաքականություն չէ: Սա հանուն սեփական շահերի ազգադավություն է: Ես որքան կարող եմ դեմ կլինեմ մեր ժողովրդի տարբեր մտածելակերպերն իրար դեմ հանելուն:


Ես այս ժողովրդի զավակն եմ: Պայքարս եղել է իմ ժողովրդի ազատության համար: Գիտակացում եմ, որ մեր պայքարն ավարտված չէ: Ընդհակառակը, շարունակելու եմ իմ գործը, անելիքներ շատ կան: Անկախ ամեն ինչից, մենք հպարտ ազգ ենք եւ պիտի պահպանենք մեր արժանապատվությունը: Պետականություն եւ անկախություն ենք ձեռք բերել արյան գնով, հազարավոր տղաների նահատակությամբ, պիտի պահպանենք այս հողը, այս երկիրը: Պիտի պահպանենք մեր ազատագրած տարածքները, որովհետեւ մենք այն նվաճել ենք մեր ընկերների արյան գնով: Այդ տարածքներին շաղախված է մերոնց արյունը եւ այն զիջել թշնամուն` ներելի չէ: Հայկական դիվանագիտությունը պիտի ծավալվի ազատագրված տարածքներից դուրս եւ ոչ թե ազատագրված տարածքների ու Հայաստանի սահմանների անխախտելիության շուրջ: Վաղուց, շատ վաղուց հայի գիտակացության մեջ արմատավորվել եւ փոխանցվել է մեզ, որ հող հանձնողը դավաճան է: Մեր սերունդն այս գիտակացությամբ նետվեց մարտի: Միշտ պատրաստ զոհվելու, բայց ոչ երբեք հող հանձնելու: Ու եթե մենք ազատագրված տարածքները ետ հանձնենք, հաստատ իմացեք` մեր զոհված ընկերների շիրիմներից մեր ճակատին կխարազանվի ՙՀող հանձնող՚, այսինքն` դավաճան: Ես չեմ սիրել պարտվել ու մի սանտիմ հող տալ, որովհետեւ միշտ պատրաստ եմ եղել հրամանը կատարելու եւ կատարել եմ անկախ ամեն ինչից, որովհետեւ իմ զինվորն այնտեղ արյուն է թափել, իսկ արյան գնով ձեռք բերած հաղթանակը չի կարելի ետ տալ:


Վազգեն Սարգսյանը խոշոր ուժ էր, հզոր անհատականություն ու միշտ նշում էր, որ ինքը խառնվում է քաղաքականությանը, որպեսզի բանակը չխառնվի, եւ, իսկապես, նա բանակի ու քաղաքականության միջեւ կանգնած հզոր պատնեշ էր: Վազգեն Սարգսյանը պետության մարդ էր, պետական մտածողություն ուներ եւ պետական շահը վեր էր դասում ամեն ինչից: Վազգեն Սարգսյանի անունը երկրապահ կամավորականության ակունքներում է, նրա անձը մարմնավորել եւ այսուհետ մարմնավորելու է մեր կազմակերպության ուժն ու արժանապատվությունը: Վազգեն Սարգսյանի մահը սովորական կորուստ չէր մեզ համար: Նման անհատների, նման զորականների տեղը միշտ թափուր է մնում: Հոկտեմբերի 27-ը համայն ժողովրդի վիշտն է: Սա չի նշանակում, որ երկրապահը հրաժարվում է ոճիրի բացահայտման հարցում իր պահանջատիրությունից: Երկրապահը մինչեւ վերջ հետամուտ է լինելու հանցագործության բոլոր շերտերի բացահայտմանը` գործելով բացառապես օրինականության դաշտում: Երկրապահ կամավորականները հակված չեն համազգային մեծ վշտի հաշվին հեղինակություն վաստակել`գոհացնելով այս կամ այն ուժին:


Ովքեր են այսօր ռազմատենչ հայտարարություններ անում: Իհարկե, ոչ այն ուժերը, որոնք պատերազմել են, գիտեն պատերազմը եւ գիտեն, հասկանում են պատերազմի իսկական ծանրությունը: Իհարկե, երկրապահը երբեք պատերազմի կոչ չի արել, չի անում եւ չի անելու: Երկրապահը, որ միշտ պատրաստ է պաշտպանելու իր հայրենին, երկրապահը, որ անցել է պատերազմի բովով ու իր արյան գնով ընկալել է պատերազմի ամբողջ ծանրությունը, միշտ էլ զերծ է նման տղայական կոչերից: Բայց երկրապահը երբեք չի սարսափում պատերազմից, պարզապես, միշտ պատերազմին պատրաստ երկրապահը կոչ է անում` խաղաղ բանակցություններ վարել, խորանալ գործընթացի մեջ եւ ելքեր գտնել, պրպտել ու գտնել խնդրի կարգավորման այն տարբերակը, որն ընդունելի կլինի ժողովրդի եւ, հետեւաբար, երկրապահի կողմից:


Խաչքարն ինձ համար եւ, կարծում եմ, ոչ միայն ինձ համար, այլ հայերիս համար հողը հայրենիք դարձնելու առաջին եւ ամենամնայուն գրավականն է: Պատահական չէ, որ Ադրբեջանում հակահայկական պայքարը սկզբից սկսվել է խաչքարերի դեմ պայքարով, խաչքարերի ոչնչացմամբ: Խաչքարերն ի սկզբանե ուղեկցել են հայ ժողովրդին ու հայոց պատմությանը, շատ անգամ վկայելով, արձանագրելով, հաստատելով մեր ժղովրդի անցած ճանապարհը: Բացի այդ, մեր տեղադրած խաչքարերը մեր մարտական ընկերներն են` հավերժ կանգնած իրենց ազատագրած տարածքներում: Ինձ համար խաչքարը միայն քանդակված ստեղծագործական աշխատանք չէ, այլ նաեւ հոգի է, ոգի է, սիմվոլ է, որը բնորոշում է ազատագրված տվյալ բարձունքը, նրա համար թափված արյունը, նրա համար զոհված խիզախ հայորդիների կամ հայորդու կերպարը: Խաչքարն ինձ համար կերպար է, միջավայր, խորհրդանիշ:


ՙԹող ոչ մեկը չփորձի առանց ժողովրդի հետ համաձայնեցնելու` հողերի փոխանակման հարցի շուրջ բանակցություններ վարել՚: 2000թ. փետրվար *** Իր կյանքն այս հողի վրա պատկերացնող յուրաքանչյուր հայ, անկախ քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից, պիտի ապրի երկրապահի, երկիրը պահողի գաղափարախոսությամբ, լինի նա զինվորական, հողագործ, թե` նախագահ: Դրա համար էլ ԵԿՄ-ն այսօր միավորվում է քաղաքական ամենատարբեր կազմակերպությունների անդամներին: Երկրապահի պառակտումը նշանակում է ազգի, պետության պառակտում:


Այսօր էլ կռիվ տեսած Երկրապահը պարտավոր է գիտելիքներն ի սպառ դնել բանակի ամրացմանը: Կռիվ տեսած մարդու համար խաղաղությունն ամենամեծ արժեքն է, իսկ թե խաղաղություն ես ուզում, պետք է մարտունակ բանակ ունենաս, պատրաստ լինես պատերազմի: