Զորավարը

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Սեկտորի Գրիգորյանը առաջին օրվանից սկսած մասնակցել է Հայոց համազգային շարժմանը:
 
1989-1994թվականներին անընդմեջ մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմաննհերի ինքնապաշտպանական մարտական գործողություններին: 1994թ-ից հետո էլ մինչ օրս, որպես կամավորական շարունակում է մնալ առաջնագծում` թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի: Նա, իր ղեկավարած զինվորական կազմավորումներով, տասնյակ հազարավոր երկրապահ կամավորականներով առաջնագծում էր թե ապրիլյան պատերազմից առաջ, թե´ ապրիլյան պատերազմի ժամանակ, և թե´ դրանից հետո: 
 
1989թ. սեպտեմբերին Համլետ Նահատակյանի կազմավորած Էջմիածնի կամավորական ջոկատի հետ  մեկնել է ԼՂՀ Հադրութի շրջան և մասնակցել Մելիքաշեն, Բլութան, Խրմնջուղ, Աղբուլաղ, Հախուլու, Էդիլու և Դուդուկչի գյուղերի ինքնապաշտպանությանը:
 
1990թ. սկզբին ընտրվել է Էջմիածնի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար եւ կազմակերպել Հադրութի շրջանի յոթ գյուղերի ինքնապաշտպանությունը:
 
1990թ. նոյեմբերի 15-ին Դուդուկչի գյուղում, իր 14 մարտական ընկերների հետ, խորհրդային բանակի հատուկ ջոկատի՝ ալֆաի կողմից ձերբակալվում է, ծանր վիրավորվում եւ զինվորականների հսկողությամբ տեղափոխվում է Ֆիզուլի, այնուհետև՝ Խոջալու: Ծանր վիրավոր տարվում է Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղից, ԼՂՀ ինքնապաշտպանական ջոկատների աջակցությամբ, Մանվել Գրիգորյանը իր հինգ վիրավոր ընկերների հետ միասին,  դեկտեմբերի 12-ին փախուստի է դիմում: Վիրավոր ընկերներին ուղարկում է  Հայաստան, իսկ ինքը վերադառնում է Էդիլլու և շարունակում կազմակերպել ձորակի գյուղերի ինքնապաշտպանությունը: 
 
1991թ. ամռանը մասնակցել է Մարտակերտի շրջանի Հաթերք և Վաղուհաս գյուղերի ինքնապաշտպանությանը, նաև «Փառանձեմ» օպերացիային։
 
1991թ. աշնանը մասնակցել է Գորիսի և Կապանի ինքնապաշտպանությանը:
 
1992թ. Հադրութի շրջանի Էդիլվա ձորակի ջոկատի հիմքի վրա ստեղծվում է գումարտակ, որում ընդգրկվում են տեղացիներ և կամավորականներ Հայաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Էջմիածնից: Մանվել Գրիգորյանը նշանակվում է ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի Էդլլվա (ՈՒղտաձոր) գումարտակի հրամանատար: Ե´ւ երկրապահական ջոկատի հրամանատարի կարգավիճակում, ե´ւ կանոնավոր բանակի ստորաբաժանման հրամանատարի կարգավիճակում, Մանվել Գրիգորյանը մշտապես համագործակցել է բոլոր ջոկատների, բոլոր զինվորական կազմավորումների հետ: Մանվել Գրիգորյանի ղեկավարած կազմավորումները փաստացի մասնակցել են Քելբաջարի, Եղնիկների, Թալիշի, Քաչալ սարի, Մատաղիսի, Ասկերանի, Շուշիի, Լաչինի Հադրութի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Կապանի տարածքների պաշտպանության եւ ազատագրական մարտերին:
 
1992թ. ապրլի 1-ին, իր գումարտակով, ազատագրել է Հադրութի շրջանի Հողեր գյուղը, որը Արցախի առաջին ազատագրված գյուղն էր: Ապա տեղի ջոկատների հետ համագործակցությամբ ազատագրում են Տող գյուղը: Մանվել Գրիգորյանի ղեկավարած գումարտակի տղաները շարունակաբար օգնության էին հասնում ռազմաճակատի տարբեր ուղղություններով ընթացող մարտական գործողություններին մասնակից այլ ստորաբաժանումներին: Մասնավորապես, Շուշիի ազատագրման օպերացիայի ժամանակ Քարինտակի պաշտպանությանը մասնակցում էին Մ. Գրիգորյանի գումարտակի տղաները: 1992-ի մայիսին Շուշիի ազատագրումն ապահովված էր նաեւ Հադրութի կողմից: 
 
1992թ. դեկտեմբերին հետ է կանչվում Հայաստան և նշանակվում Էջմիածնի առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: Այնուհետեւ գումարտակով գործուղվում է Արցախ: Շարունակում է մասնակցել Հադրութի շրջանի Էդիլվա ձորակի ինքնապաշտպանական մարտերին:
ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի զոհվելուց հետո, 1992 թվականին, Էդիլվա ձորակի ընտրատարածքից ընտրվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1992-96 թթ., որպես Արցախի ԳԽ պատգամավոր, ինքնապաշտպանական գործունեությանը զուգահեռ` ԼՂՀ նոր կազմավորվող Գերագույն խորհրդում զբաղվել է նաեւ Էդիլլու ենթաշրջանի խնդիրներով:
 
1993թ. մայիսի 5-ին նշանակվում է 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի հրամանատար:
 
1993թ. հունիսի 15-ից, նրա հրամանատարությամբ, 5-րդ բրիգադը ոչ միայն պաշտպանել է Հադրութի տարածաշրջանի գյուղերը, այլև անցնելով հակահարձակման, ազատագրել է Ֆիզուլի քաղաքը և նրա տարածքի գյուղերը:
 
Միաժամանակ բրիգադի մեկ գումարտակ, բրիգադի շտաբի պետ  Յուրա Հովհաննիսյանի հրամանատարությամբ մասնակցել է Մարտակերտի և Մարտակերտի Բերդերի ազատագրմանը, որտեղ զոհվել է 26-ի Յուրան: Գումարտակի հրամանատար է նշանակվում Հայրապետ Նավասարդյանը: Բրիգադի առանձին ստորաբաժանումներ մասնակցել են ԼՂ բոլոր ուղղություններով ընթացող մարտերին:
 
1993թ. հոկտեմբերին 5-րդ բրիգադը վերադառնում է Հայաստան՝ վերակազմավորվելու:
Երբ ծանրանում է իրավիճակը Մարտակերտում և բոլոր պաշտպանական շրջաններում 5-րդ բրիգադը առաջադրանք է ստանում և 5-րդ բրիգադի երեք գումարտակ և մի քանի առանձին ստորաբաժում մեկնում են Մարտակերտ:
 
1993թ. դեկտեմբերի 26-ից մինչև 1994թ. հունվար 5-ը Մատաղիս գյուղի մոտ կասեցնում են ազերիների հարձակումը:
 
1994թ. հունվարի 4-ին Մարտակերտում գտնվող գումարտակներին համալրման մեկնող ստորաբաժանումները Ստեփանակերտում առաջադրանք ստացան մեկնել Ֆիզուլու տարածք և կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Հունվար 5-ից մինչ 8-ը բրիգադին հաջողվում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, վերականգնել Հադրութի ինքնապաշտպանական գիծը եւ վերակազմավորել Հադրութի ինքնապաշտպանական ուժերին: Հունվարի 8-ին Հորադիզի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը հանձնվում է Արթուր Աղաբեկյանին: Մանվել Գրիգորյանը 5-րդ բրիգադի մեկ գումարտակ թողնելով տեղում՝ մնացած ստորաբաժանումները տեղափոխում է Մարտակերտի շրջան, քանի որ այդ ժամանակ ծանրանում է Մարտակերտի վիճակը, ազերիները հասնում են մինչև Մեծ Շեն գյուղի մատույցները: Հունվարի 9-ին բրիգադի գումարտակները միավորվում են և կասեցնում ազերիների առաջխաղացումը Մեծ Շենի խաչմերուկում, Մաղավուզի գերեզմանոցի մոտ: Մինչև հունվար 29-ը բրիգադը հակառակորդին ետ է շպրտում Մատաղիսի մատույցներ, ազատագրելով Մաղավուզ և Հակոբ Կամարի գյուղերը: Փետրվարին ազատագրում է Տոնաշեն, Դաստակերտ և մի քանի այլ գյուղեր:
 
1994թ. ապրիլի 10-ին ազատագրում է Մատաղիս, այնուհետև՝ Թալիշ  և Ներքին Չայլու գյուղերը:
 
Մինչև 1994թ. մայիսի 12-ի զինադադարը բրիգադը ծանր մարտեր մղելով ազատագրել է թվով 14 գյուղեր եւ մի շարք կարեւորագույն բարձունքներ, այդ թվում՝ Քաչալ սարը՝ ընդհուպ մոտենալով Վերին Չայլու և Լեւոնարխ գյուղերին, ազերիներին պարտադրել գնալ զինադադարի:
 
Զինադադարից հետո կազմակերպել է ԼՂՀ-ի հյուսիս արևելյան, այնուհետև հարավային սահամնների մարտական դիրքերի պաշտպանությունը և ամրապնդումը: 1995-ին Մ. Գրիգորյանի ղեկավարած բրիգադը տեղափոխվում է Կապան եւ միավորվում 97-րդ բրիգադի հետ: Մանվել Գրիգորյանը նշանակվում է միավորված բրիգադի եւ գնդի կարգավիճակ ունեցող օպերատիվ խմբի ընդհանուր հրամանատար:
 
Կրթությունը բարձրագույն է՝ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։
 
1996թ. Մ. Գրիգորյանն ավարտել է ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները: 1996 թ. սեպտեմբերի 20-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, այնուհետեւ նշանակվել առաջին բանակային կորպուսի հրամանատար:
 
Կազմակերպել է ազատագրված տարածքների, ՀՀ եւ ԼՂՀ հարավային սահմանների պաշտպանությունը, ամրացումը և բանակաշինությունը: 
 
2000թ. նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ Այս պաշտոնում մինչեւ 2008 թվականը համակարգել է մարտական պատրաստության, ինժեներական զորքերի և ֆիզիկական պատրաստության վարչությունները, ինպես նաև ուսումնական կենտրոնները եւ որոշ ուսումնական ստորաբաժանումները:
 
2000թ. Մայիսի 27-ին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում:
 
Ունի մեծ ավանդ բանակաշինության գործում:
 
2016-ի ապրիլյան պատերազմում առաջնագիծ է մեկնել  մի քանի հազար երկրապահ կամավորականներով և լրացրել գումարտակների հենակետերը:
 
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը 1989-99 թվականներին լինելով դաշտային հրամանատար եւ ղեկավարելով երկրապահ ջոկատներ, ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի գումարտակը, այնուհետեւ՝ Էջմիածնի գումարտակը, 5-րդ բրիգադը, առաջին բանակային կորպուսը, 2000-2008-ը լինելով պաշտպանության փոխնախարար, իսկ 1999-ից առ այսօր՝ ԵԿՄ վարչության նախագահ՝ անընդհատ եղել է առաջնագծում, մարտական հենակետերում, կազմակերպել է Արցախի եւ ՀՀ սահմանամերձ տարածքների ինքնապաշտպանությունը եւ հսկայական ներդրում ունեցել տարածքների պաշտպանության, ազատագրման գործում, ահռելի վաստակ է ունեցել բանակաշինության մեջ: Շարունակաբար կազմակերպել է երկրապահական ուխտագնացություններ ՀՀ բոլոր տարածքներ, ԼՂՀ ազատագրված տարածքներ, առաջնագիծ, զորամասեր, որոնք դարձել են ավանդական: Անմիջական Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, յուրաքանչյուր տարի Արցախի բոլոր առաջին դասարանցիներին եւ զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներին տրվում են գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ: Ֆինանսական աջակցություն է ցույց տրվում գյուղերի վերականգնմանը, հուշարձանների կառուցմանը, սոցիալապես անապահով խավերին: Նյութական աջակցություն է ցուցաբերվում ուսումնական հաստատություններին, մանկատներին, ծերանոցներին, հիվանդանոցներին, բուժկետերին, զորամասերին:
 
Լինելով Սպարապետի մեծ բարեկամը, ընկերն ու զինակիցը, 1999-ին ընտրվելով 8 300 անդամ ունեցող ԵԿՄ վարչության նախագահ՝ կայացրել է եռասերունդ երկրապահական ընտանիքը, որն այսօր ունի ավելի քան 70 000 անդամ:
 
2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հեղինակել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչն արժանացել է ԱԺ բոլոր խմբակցությունների անվերապահ հավանությանն` ընդունվելով միաձայն: 
 
Մանվել Գրիգորյանն արժանացել է ՀՀ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի, ԼՂՀ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի, Արցախի հերոսի կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշանի, ՀՀ ԱԺ պատվավոր մեդալի, վարչապետի հուշամեդալի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Ներսես Շնորհալի» շքանշանի: Ունի պետական, կառավարական, գերատեսչական, նաեւ` հասարակական կազմակերպությունների բազում պարգեւներ, շքանշաններ, մեդալներ, հուշամեդալներ, ընդհուպ` ԵԿՄ բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ է: Պարգեւատրվել է տարբեր երկրների մի շարք գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների մեդալներով:
 
1994թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: 
 
1994թ. հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: 
 
2000 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ նախագահի թիվ 174 հրամանագրով պարեւատրվել է «Արցախի հերոս» կոչումով եւ «Ոսկե արծիվ» շքանշանով:
 
2002թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ԵԿՄ  բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով: 2007թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» և «Անբասիր ծառայություն» երկրորդ աստիճանի մեդալներով:
 
2003-ի հոկտեմբերի 19-ին պարգեւատրվել է հայ եկեղեցու «Ներսես Շնորհալի» շքանշանով:
 
2005-ի հունվարի 27-ին պարգեւատրվել է «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով։ Պարգեւատրվել է «5-րդ բրիգադ» հուշամեդալով:
 
2006-ի սեպտեմբերի 18-ին արժանացել է ՀՀ նախագահի «Վարդան Մամիկոնյան» շքանշանի:
 
2011 թ. պարգեւատրվել է ԼՂՀ «Պատգամ մայրական» հուշամեդալով: 
 
2012թ. պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, ՊՆ «Մարտական ընկերոջս» հուշամեդալով, Հասարակական պարգեւների միջազգային կոմիտեի «Արիություն եւ հերոսություն» շքանշանով եւ «Մանկավարժական համալսարան 90-ամյակ» մեդալով: Տասնյակ հասարակական կազմակերպություններ են Մանվել Գրիգորյանին պարգեւների արժանացրել:
 
2012թ. պարգեւատրվել է «5-րդ բրիգադ. 20 տարի» հոբելյանական մեդալով:
 
2014թ. հունիսի 14-ին պարգեւատրվել է Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով, հունիսի 20-ին` «Հունան Ավետիսյան-100» հուշամեդալով, օգոստոսի 19-ին` ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով: 2014-ի սեպտեմբերին արժանացել է Համազգային վստահության պատվոգրի: Նույն տարվա սեպտեմբերի 2-ին պարգեւատրվել է Արցախի նախագահի «Մխիթար Գոշ» մեդալով, սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
 
2015-ի հունվարի 27-ին արժանացել է ԱԺ պատվավոր մեդալի եւ ՀՀ Ոստիկանության պետի զորակցության մեդալի, իսկ ապրիլի 22-ին՝ «Ջհանգիր աղա» հուշամեդալի։ 2015-ի մայիսի 8-ին Երկրապահի օրվա կապակցությամբ պարգեւատրվել է «Երկրապահ 25-ամյակ» մեդալով եւ Պարգեւատրությունների միջազգային կոմիտեի «Արիության եւ սխրանքի համար» մեդալով։ Հուլիսի 14-ին պարգեւատրվել է «Խիղճ եւ պատիվ» շքանշանով եւ «1,5 մլն+1» հայրենիք-սփյուռք մշակութային կամրջի ոսկե մեդալով, դեկտեմբերի 18-ին՝ Սփյուռքի նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով։ Դեկտեմբերի 31-ին պարգեւատրվել է ԵԿՄ «Եռասերունդ Երկրապահ» մեդալով։
 
2016-ի հունվարի 28-ին արժանացել է պաշտպանության նախարարության «Նելսոն Ստեփանյան», մայիսի 16-ին՝ «Ծովակալ Իսակով», հուլիսի 13-ին՝ ՀՀ Ոստիկանության «Օրենքի պատվար» մեդալների:
 
ՀՀ եւ ԼՂՀ բազմաթիվ մարզերի, վարչական շրջանների, քաղաքների, գյուղերի պատվավոր քաղաքացի է, մասնավորապես՝ Տավուշ, Սյունիք մարզերի, Հադրութ, Մարտակերտ, Էջմիածին, Արմավիր, Կապան, Վայք, Արթիկ քաղաքների, Խաչիկ, Արշալույս, Էդիլվա ձորակի գյուղերի եւ այլն:
 
Զորավար Մանվել Գրիգորյանը հսկայական ներդրում ունի ե´ւ ՀՀ, ե´ւ հայկական Արցախ պետության անկախության ձեռք բերման, պաշտպանության, պետականաշինության, բանակաշինության, Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության, ամրապնդման գործում:
 
Մանվել Գրիգորյանի հերոսական մարտական ուղին շարունակվում է: Առաջնորդվելով «Կարեւոր է ոչ միայն ունենալը, այլեւ ունեցածը պահպանելն ու սերունդներին փոխանցելը» սկզբունքով՝ նա այսօր կայացրել է եռասերունդ երկրապահական կառույցը՝ իր առջեւ ունենալով իր եւ իր մարտընկերների երազած ազատ, անկախ, հզոր, բարեկեցիկ, պաշտպանված Հայաստանի եւ Արցախի տեսլականը: Այդ նպատակի իրագործման համար էլ Մանվել Գրիգորյանն այսօր լծվել է պատանի, երիտասարդ երկրապահների կրթման, ռազմահայրենասիրական դաստիարակության սուրբ եւ հայրենանվեր գործին: