Գրողը

Վազգեն Սարգսյանը տաղանդավոր արձակագիր էր։ Նրա թողած գրական ժառանգությունը շատ բազմաժանր է` պատմվածք, վիպակ, ակնարկ, խոհագրություն, գրառումներ, դրանց են միանում նաեւ նրա շատ ելույթներ, որոնք լիովին կարող են գրական-գեղարվեստական համարվել։ Նրա ստեղծագործությունների առանցքում երկրի ու իր զավակի ճակատագրական կապն է, հայրենիքի, մարդու ճշմարիտ եւ արժանապատիվ ապրելու կերպը:

Վազգեն Սարգսյանն իր առաջին պատմվածքը գրեց 1980-ին, հետո առաջին գիրքը` ՙՀացի փորձություն՚ (1986թ.) եւ էլի տասնյակ բազմաժանր գործեր` սփռված ժամանակի պարբերական մամուլում։ Վազգեն Սարգսյանի ստեղծագործական ճանապարհը շատ կարճ եղավ, ընդամենը 10 տարի, սակայն նրա գրականությունը կմնա այնքան տեւական, այնքան կենսունակ, որքան որ հայ մարդն է մնալու իր երկրի տերը, դառնալու պատմություն եւ ապագա։

Ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրից Վազգեն Սարգսյան գրողի ուղին շեղվեց։ Վազգենը բառացիորեն գրիչը փոխարինեց զենքով` խրամատում շարունակելու կռիվը, հանուն որդեգրած սկզբունքների, որ իր կյանքն էր ու իր գրականությունը։