Վարչապետը

Քաղաքականությունը Վազգեն Սարգսյանի տարերքը չէր։ Նա չէր կարող տեղավորվել ՙկուսակցություն՚ կաղապարում։ Նա պետական գործիչ էր` պատմական իր դերով։ Նրա պայքարը երկրի երաշխավորված, անվտանգ ապագայի համար էր, նրա վախը` պատմությունը կրկնվելու` պետականության վաղվա օրը վտանգելու համար էր։ Քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակից դառնալու իր վճիռը պարտականության թելադրանք էր` ՙԴա միայն եւ միայն պայմանավորված է մեր պետության վաղվա օրվա նկատմամբ պատասխանատվության խոր գիտակցումով, մեր զոհված եղբայրների երազած հայրենիքը կառուցելու նպատակադրումով, քաղաքական ուժերի համախմբման համար նախադրյալներ ստեղծելու ձգտումով ու ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության երաշխավորման հրամայականով՚։
Նա համոզված էր, որ ՙ… դարերով ու տասնամյակներով կուտակված հիմնահարցերը մեկ անգամից չեն լուծվի։ Հրաշքները միայն հեքիաթներում են լինում։ Մեր իրականությունը փոխելու համար միաբանություն, նվիրում, համբերություն, համառ աշխատանք ու քրտինք է անհրաժեշտ։ Այս պարագայում ես լիահույս եմ, որ մեր երկրին փայլուն ապագա է սպասվում։ Պարզապես անհրաժեշտ է վստահաբար ու նոր թափով լծվել այդ առաքելության իրականացմանը՚։
 
Թերեւս մեծ խորհուրդ կա թաքնված այն իրողության մեջ, որ դարավերջին եկան ու միախառնվեցին փորձն ու իմաստությունը, քաջությունն ու կորովը ու դարձան Կարեն Դեմիրճյան ու Վազգեն Սարգսյան ՙՄիասնություն՚։ Երբեւիցե այդքան չէին ներդաշնակվել պատմական պահի գիտակցումը, քաղաքական կամքն ու պատասխանատվությունը, պետության ապագան երաշխավորելու կարողությունը։ ՙՄիասնության՚ ծնունդը Հայաստանի վերածննդի առհավատչյան էր, այնքան հստակ ու տեսանելի, որ թշնամին մեզանից շուտ նկատեց։ Իսկ ապրողներիս ժառանգվեց պետական մտածողության նոր գաղափարախոսությունը, որը ծնվեց մեր կյանքի խրամատներում, իմաստավորվեց Վազգեն զորավարի տառապանքի փորձով, ամբողջականացավ Կարեն Դեմիրճյան առաջնորդի խորաթափանցությամբ ու,… չհասցրեց դառնալ ամենքիս կենսակերպը։
 
Վազգեն Սարգսյան վարչապետը Խորվիրապի խորանի դիմահար բլրի լանջին տեսնում էր Նոյ Նահապետի պատկերը` Արարատին դեմ-հանդիման։ Տեսնում էր մարդկության եւ քրիստոնեական քաղաքակրթության վերածնունդ հանդիսացած այս փոքրիկ` հավատի ու լեռնաշխարհի մշակների արժանապատիվ, մաքրակենցաղ ու բարգավաճ ապագան։ Դրա համար միայն մեկ բան էր պատգամում, օգտագործել պատմական հնարավորությունը. ՙ…չապավինել հայոց վերջին խելքին, գործադրել այն այսօր, այս պահից՚, ու կրկին ու կրկին վստահեցնում էր. ՙ…21-րդ դարը մերն է լինելու՚։
 
ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերին։ Շնորհավորում եմ, որովհետեւ այս կուսակցությունը չի գործելու ձեր դեմ, գործելու է ձեզ հետ միասին։ Եվ եթե կամքներս ու համբերություններս ների, եւ եթե Աստված կամենա, փորձելու ենք ստեղծել վերկուսակցական մի շարժում, որ պատմական կտրվածքով, պատմական կտավի վրա լավին ու վատին տեր է կանգնելու։ Որովհետեւ քաղաքական բոլոր տեսությունները, գաղափարական սիստեմներն ու կուսակցական կրքերն անցողիկ են։ Կա ազգային շահերի երկաթյա օրենք։
Դրեք ուրիշ որեւէ ժողովրդի մեր վիճակում եւ դիտարկեք հենց միայն անցյալ հարյուրամյակի կտրվածքով։ Առաջին համաշխարհային պատերազմ` պետականության լիակատար բացակայության պայմաններում, հայոց մեծ եղեռն, հեղափոխություն, համաշխարհային երկրորդ պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, արցախյան պատերազմ, երկրաշարժ։ Եվ այդ ամենից հետո մենք 21-րդ դար ենք մտնում բացարձակ դրական հաշվեկշռով` հայոց անկախ պետականությամբ, հայացած Հայաստանով, որ ես նույնքան կարեւոր եմ համարում, ազատագրված Արցախով, ռազմական հաղթանակներով, որ դարերով չենք ունեցել, կայացած ամուր բանակով։ Ուրեմն դառնանք ու փառաբանենք մեր հերոս ժողովրդին։
 
Դառնանք ու փառաբանենք Հայաստանի առաջին հանրապետությունը կերտողներին։ Հանրապետութուն կերտողները մեծապատիվ մարդիկ էին, գաղափարի մարդիկ էին։ Եվ ես չեմ պատկերացնում, եթե չլիներ առաջին հանապետությունը, թերեւս, Հայաստանի սովետականացման ժամանակ Հայաստանի Սովետական Հանրապետությունը հանրապետության կարգավիճակ չունենար։
 
Մարդիկ կարողացան Սարդարապատ կազմակերպել, մարդիկ կարողացան հանրապետություն ստեղծել, որը դարձավ մեր ապագա բոլոր հանրապետությունների հիմքը։ Չի կարելի չշեշտել նաեւ այն մեծ դերը, որ դաշնակցական կուսակցությունն ունեցավ Սփյուռքի պահպանության գործում։ Չի կարելի դա չգնահատել եւ չի կարելի չօգտագործել Դաշնակցության, հիրավի, համաշխահային կառույցը։
 
Ուրեմն, դառնանք ու փառաբանենք Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կերտողներին։ 70 տարիների ընթացքում, Հայաստանի Սովետական Հանրապետություն կերտողները, արանքում հաղթելով Համաշխարհային երկրորդ աշխարհամարտում` աշխարհի ամենադաժան պատերազմում, այնուամենայնիվ, կարողացան ստեղծել հզոր տնտեսություն, հզոր մշակույթ, որպիսին մենք երբեւէ չենք ունեցել։ Չգնահատել նրանց ձեռքբերումները, չգնահատել նրանց արածը` ուղղակի սրբապղծություն է։
 
Ուրեմն դառնանք ու փառաբանենք Հայաստանի նորօրյա պատմություն, պետականություն կերտողներին։ Յուրաքանչյուր պետության մասին, պատերազմող պետության մասին առաջին հերթին դատում են պատերազմի արդյունքներով` հաղթեցի՞նք պատերազմում, թե ոչ, երկիրը պահպանեցի՞նք, թե ոչ, սահմանները պաշտպանեցի՞նք, թե ոչ։ Եվ եթե այս տեսանկյունով ենք դատում, ապա այստեղ մենք ունենք մեծագույն ձեռքբերումներ, հաղթանակներ, որ դարերով չէինք ունեցել։ Չգնահատե՞լ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացանք իսկապես անկախ երկիր ունենալ, իսկապես անկախ երկիր ունենալ, իսկապես ամուր բանակ ունենալ։ Սրանք մնայուն ձեռքբերումներ են, այս ամենը չգնահատելը սրբապղծություն է։
 
Այն պրոցեսը, որը սկսվել էր Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ, Նժդեհի, Դրոյի օրոք, ավարտվեց Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ։ Սա չափազանց կարեւոր խնդիր է։
 
Այս շարժումը մտադիր է վերցնել այն ամբողջ դրականը, որ հարյուրամյակի կտրվածքով ստեղծված է, եւ ձեզ հետ, բոլորիդ հետ միասին ստեղծած բացարձակ արժեքները։ Այդ բացարձակ արժեքների` անկախության, պետականության, ազատագրված Արցախի, անվտանգ սահմանների հիմքի վրա, սոցիալական լիբերալիզմի հիմքի վրա բարձրացնել Հայաստանը, ոտքի կանգնեցնել կաթվածահար տնտեսությունն ու մշակույթը։ Ոչ ոք մեր փոխարեն մեր տունը չի շինելու։ Իսկ տուն շինելու համար ամենաառաջին հերթին օջախում համերաշխություն է պետք։ Մենք հաշտության կոչ ենք անում բոլորին։ Թերեւս ավելի ճիշտ կլիներ ասել` մենք զինադադարի կոչ ենք անում բոլորին։ Կանգ առնենք եւ ամեն ինչ սկսենք բարության դաշտից։
 
Ես համոզված եմ, որ ինքներս ենք մեր տունը շինելու, բոլորս միասին։ Ես համոզված եմ, որ միայն միասնականության դեպքում ոչ մերկապարանոց բացականչությունների, այլ իրական, գիտակից միասնականության դեպքում միայն դրական լիցքերով մենք կարող ենք ոտքի կանգնեցնել մեր երկիրը։ Պիտի կրկնեմ իմ խոսքերը` Հայաստանը երբեք ավելի մոտ չի եղել վերջնական հաղթանակին։ Մենք ունենք կայուն, մնայուն արժեքներ։ Կայուն, մնայուն արժեքների այդ դաշտի վրա մենք ունենք հրաշալի հնարավորություն` կառուցելու մեր երկիրը եւ 21-րդ դարը շինելու Հայաստանի դար։ Սա է իմ համոզմունքը։ Սա է շարժման համոզմունքը։ Կոչ եմ անում բոլորիդ` համերաշխության պայմաններում միասնական լուծել այս խնդիրը։ Եվ ամենեւին կարեւոր չէ, թե ով կառաջնորդի այդ շարժումը։
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
 
– Ո՞վ եք դուք։
 
– Ես Վազգեն Սարգսյանն եմ։
 
– Ո՞վ է Վազգեն Սարգսյանը։
 
Կգա ժամանակը. եւ այդ մասին ես ձեզնից կհարցնեմ։
 
… Հայաստանը մեկ գաղափարի երկիր է։ Այն շատ փոքր եւ շատ է սիրելի` տարբեր գաղափարներով լցնելու համար։ Բոլոր կուսակցություններն էլ, քաղաքական ուժերն էլ մեղվի պես բզզում են այդ մեկ գաղափարի շուրջ։ Թերեւս կան մեկ, երկու, լա՜վ, ասենք հինգ կուսակցություն, որ այդ գաղափարով առաջնորդվելու տարբեր ուղիներ ունեն մշակած։ Մնացյալը խմբվում են կոնյուկտուրային նպատակների եւ շահերի շուրջ։
 
… Երկրապահներին համախմբելով մեկ կառույցի` երկրապահ կամավորականների միության մեջ, ես շատ ավելի մեծ նպատակ ունեի, քան այդ ուժը ապագայում քաղաքական դաշտում փորձարկելն է։ Այդպես տեսան եւ գնահատեցին շատ քաղաքական գործիչներ եւ ուժեր։ Ճշմարտությունը մեկն էր` Վազգեն Սարգսյանը երկրապահներին առաջնորդելով պատերազմի դաշտ, չուզեց նրանց մենակ թողնել խաղաղության մեջ, ուր նրանք ավելի անօգնական էին, խաբված, նաեւ զինված էին, հետեւաբար` վտանգավոր։ Այս երկրին արյուն տված երկրապահին դժվար չէր վրեժխնդրության եւ քաղաքական խաղերի գործիք դարձնելը, ինչպես պատահեց հարեւան հանրապետություններում։ Մենք խուսափեցինք զինված ընդհարումներից, զենքը, որ երկրապահի կյանքի մի մասնիկն էր դարձել, իմ կոչով, առանց ընդգծված ըմբոստությունների, վերադարձվեց պետությանը։ ԵԿՄ-ն նպաստեց, որ երկրապահն իր դժգոհությունները գիտակցաբար եւ քաջությամբ մարսի։ Վազգեն Սարգսյանին չհասկացան կամ չուզեցին հասկանալ։ Չգնահատեցին կամ չուզեցին գնահատել։ Ինչեւէ, ես ճիշտ էի։
 
… Հանրապետական կուսակցության հետ միավորվելով, քաղաքական դաշտ թափանցելու երկրապահների որոշումը նույնպես կարեւոր քայլ էր։ Երկրապահների մեջ գերիշխողը չկուսակցականացվող տարրն է։ Իր կոչման շուրջ խմբված կառույցը` ԵԿՄ-ն, կուսակցություն հռչակելը սխալ կլիներ եւ տրոհման առիթ կդառնար։ Բացի այդ ԵԿՄ-ն այնքան գործ ունի անելու։ Եթե քաղաքականություն, ուրեմն` լիարժեք։ Այսպես մենք փորձեցինք տիրանալ կենտրոնական դաշտին։ Քաղաքականության մեջ դամ բռնողի դերին երբեք չենք հավակնել։ Եթե ՙՄիասնություն՚ դաշինքը չկայանար, ընտրություններին չէինք մասնակցի։ Սա` միանշանակ։
 
… Կարճ տարածության համար ձեւավորված դաշինքներն արդյունավետ չեն կարող լինել։ Երկու կուսակցություններն էլ` թե՜ Հանրապետությունը եւ, հատկապես, Ժողովրդականը, լուրջ ձեւավորման փուլում են։ Կուսակցությունների կայացման ընթացքում ավելի ընդգծված եւ որոշիչ է լինելու երկու անհատ-առաջնորդների դերը։ Կարեն Դեմիրճյանը եւ ես հեշտությամբ չենք հանգել դաշինքի ձեւավորման գաղափարին։ Մենք տարբեր մարդիկ ենք, մեր աշխարհընակալումները մասամբ տարբեր են, բայց մեզ միավորում է ընդհանուր ցավը։
 
… Այդ դաշինքը կայացել է եւ կայանալու է` դրդապատճառները առողջ են, նպատակը` հստակ եւ միակամ։ Ինձնից եւ Դեմիրճյանից, որպես անհատներ, շատ բան է կախված, որովհետեւ, ինչպես ասում են, ձուկը գլխից է հոտում կամ չի հոտում։
 
… Ամեն մարդ աշխարհն իր սրտի չափ գիտի։ Ես ծածուկ քաղաքական դաշինքների երբեք չեմ ձգտել։
 
… Եթե երկիրը քայքայվի, եւ կորցնենք մեր ձեռքբերումները, ոչ ոք Վազգեն Սարգսյանի հեղինակության ու փառքի մասին խոսելու սիրտ չի ունենա։ Ես չեմ ուզում, որ իմ մասին ափսոսանքով եւ հառաչանքով խոսեն։ Զորավարի կիսատ կենսագրություններ շատ ենք ունեցել, բավական է։ Ես պատասխանատվությունից չեմ վախենում եւ համոզված եմ, որ ելք կա։ Մենք վճռական մենակի Ռուբիկոնն անցանք մեր անկախացումից անմիջապես հետո` 1991-1992 թթ.։ Երկրորդ անգամ` այս իշխանափոխության ժամանակ։ Ղարաբաղի հարցում մենք մեր դիրքորոշումն ունենք եւ ցավալի լուծումների չենք գնա։
 
… 20-րդ դարը մենք սկսեցինք պետականության իսպառ բացակայությամբ, եղեռնով, պետություն ստեղծելու անհաջող փորձերով, համաշխարհային առաջին պատերազմում ոտնատակ ընկնելով։ Բայց, եկեք մտածենք, այդ ո՞ր մի դարում ենք ծլել-ծաղկել-զորացել։ Տիգրան Մեծին հանգիստ թողնենք, մեր հազարամյա մշակույթն էլ փրկության դրոշի պես չպարզենք։ Մի՞թե մեր պատմությունը շարունակական նվաստացումների, տեւական հյուծիչ եղեռնի եւ համակերպության պատմություն չի եղել։ Մեր հպատակ թագավորների (թագավորի հպատա՞կս որն է) աղերսագիրը կարդալով` մենք պետականության պատրանքներ ենք փայփայել։ Եվ ո՞վ է ասում, որ մեր մշակույթը երբեք ավելի վատ վիճակում չի եղել, քան հիմա։ Կամ այդ ե՞րբ ենք կանոնակարգված-համակարգված մշակույթ ունեցել, որ արդեն չունենք։ Հատուկենտ հանճարների փայլատակումները միմիայն պատմությունն են սնել, ժողովրդի արյան մեջ չեն մտել։ Մշակույթը գաղափարների, մտքերի, տաղանդների, հանճարների հավաքականությունն է, որն ընթացք, հաջորդականություն եւ զարգացում ունի եւ, ներծծվելով ազգի հավաքական գիտակցության մեջ, ձեւավորում է մթնոլորտ։ 20-րդ դարում համարում եմ մեզ հաղթանակած, որովհետեւ ստեղծվեց պետականություն, ինչպես էլ ոչ կոչելու լինենք մեր պետությունների անունները։ Հայաստանի առաջին Հանրապետություն, որ ցավոք, շատ շուտ կործանվեց, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն եւ մեր այսօրվա պետությունը։ ՀՍՍՀ-ի մասին իմ կարծիքը չի համընկնում այսօրվա իշխող կարծիքին։ Որքան էլ շահարկումների տեղիք տա, պիտի ասեմ, որ միակուսակցական հանրապետությունն իր ժամանակին հայերիս պետականություն ունենալու, մեր ողնաշարը շտկելու միակ ձեւն էր։
 
… Կան վճռական պահեր ժողովուրդների եւ պետությունների կյանքում, երբ անհրաժեշտությունը ծնում է հզոր գաղափարներ իրագործող ուժեղ անհատներ, որոնք ի զորու են ժողովրդին առաջնորդելու։ Հազվագյուտ բարեբախտություն է, երբ ժամանակը, ժողովուրդը եւ առաջնորդները գտնում են իրար։ 1988-ին այդ հրաշքը, կարծես թե, կատարվեց։ Ափսոս, շատ կարճ տեւեց։ 21-րդ դարում ձգտելու ենք վերագտնել այդ փափագելի եռամիասնությունը։
 
           
… 21-րդ դարից մեծ ակնկալիքներ ունեմ։ Մեծ հույսեր եմ կապում այս ընտրությունների հետ։ Ժողովրդի իրական վստահությունն ունենալու դեպքում շատ բան կարելի է անել։ Հանրապետության քաղաքական կյանքը կարելի է քաղաքակիրթ հունի մեջ առնել։ Ճիշտ, խելամիտ եւ կամային քայլեր են պետք մեր համաշխարհային դիմադրողականությունը մեծացնելու համար։ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին նորոգ եւ ողջամիտ հայացք է պետք։ Աշխարհի ամեն անկյունում ապրող եւ իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով եւ իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան։ Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձեւավորվելու է հայի մի տեսակ, որ իր ազգային գաղափարախոսության կողմն է լինելու` զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին` արժանապատիվ պատմություն, առջեւում` տարածություն։
 
Հարցազրույց, ՙՀայաստանի Հանրապետություն՚ օրաթերթ,
 
18 մայիսի, 1999թ.
 
Նախ մենք պարտավոր ենք հրապարակավ արձանագրել հասարակության մեջ առկա այն հարցադրումները, որոնք ամենատարբեր ձեւերով արծարծվում են մամուլում, հեռուստատեսությամբ, կուսակցությունների ու քաղաքական գործիչների կողմից եւ հաճախ, չստանալով բավարար մեկնաբանություններ, ալեկոծում են հասարակության միտքն ու հոգին, անդրադառնում ոչ միայն առանձին խմբերի, այլեւ յուրաքանչյուրիս քաղաքական եւ քաղաքացիական վարքագծի վրա։
 
Կառավարությունը ջանք չի խնայի հանրապետությունում փոխադարձ հարգանքի, վստահության, մարդու իրավունքի արժեքների վրա հիմնված հասարակական համակարգ ստեղծելու համար։ Որպեսզի մեր այս խոստումը մերկապարանոց չհնչի, ուզում ենք միանգամից ֆիքսել մեր պատասխանատվությունը։
 
1. Կառավարության անդամները պետք է հանդես գան որպես միասնական թիմ եւ անձնական պատասխանատվություն կրեն կառավարության գործունեության ծրագրի իրագործման համար։ Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի, որ ունի ավելի բարձր պատասխանատվություն, քան հասարակության մյուս անդամները։ Նա պետք է գիտակցի, որ ցանկացած անբարոյական արարք պատժվելու է։
 
Կառավարության անդամները պետք է գիտակցեն իրենց դերը ձեւավորվող բարոյահոգեբանական մթնոլորտի կայացման մեջ։ Ինչպիսի բարոյական կերպար ունենա կառավարությունը, այնպիսին էլ կլինի կառավարման համակարգը, եւ նույնպիսի ազդակներ կհաղորդվեն ժողովրդին։
 
Ժողովուրդը պետք է զգա, որ ի վիճակի է վերահսկել կառավարման համակարգի գործունեությունը, ինչն էլ կառավարության ծրագրի իրագործման լավագույն գրավականն է։
 
2. Պատասխանատվության բարձրացումը նշանակում է պետական կառավարման մարմինների ֆունկցիաների ու լիազորությունների հստակեցում` եւ ուղղահայաց, եւ հորիզոնական կտրվածքներով։ Այս ֆունկցիաների եւ լիազորությունների անհստակությունն ու անհամապատասխանությունն է, որ առաջացնում է կոլեկտիվ անպատասխանատվություն։
 
Ավելի մեծ դեր պետք է հատկացվի մարզերին, համայքներին, ինչպես նաեւ պետք է մեծացվի ժողովրդի մասնակցությունը համայնքների կառավարման գործում այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ իրեն զգա պետության ապագայի կերտող։
 
3. Կառավարության գործելակերպը պետք է լինի վերահսկելի եւ թափանցիկ։
 
Այստեղ չափազանց կարեւոր է Ազգային ժողովի եւ նրա մշտական հանձնաժողովների դերը։
 
4. Կառավարությունը պարտավոր է հասարակությանը ներկայացնել գործերի իրական վիճակը եւ զերծ մնալ գունազարդող նկարագրություններից ու ամպագոռգոռ հայտարարություններից, ինչով, ցավոք, մենք մշտապես տառապել ենք։ Վարչապետն ինքն ամեն ամիս հանդես կգա ժողովրդի առջեւ տնտեսական վիճակի եւ անելիքների մասին հաշվետվություններով։
 
5. Ամենուրեք պետք է բարձրացնել պետական ծառայողական կարգապահությունը, պետական ունեցվածքի կառավարման եւ օգտագործման արդյունավետությունը։ Վերանայել, լրամշակել կամ ընդունել տնտեսության բոլոր բնագավառների համար նորմատիվային նոր բազա։ Հինը մինչեւ այժմ կիրառվում է այլ պայմանների եւ պետությունների կանխորոշիչներից ելնելով։
 
Բոլոր բնագավառներում մինչեւ վերջ հստակեցնել լիցենզավորման եւ սերտիֆիկացման գաղափարները։
 
6. Հայաստանի քաղաքացիների եւ օտարերկրյա ներդրողների համար ստեղծել վստահության եւ արդարության դաշտ։
 
Սկսած վարչապետից եւ վերջացրած կառավարության անդամներով եւ Ազգային ժողովի պատգամավորներով` բացառել հովանավորչությունը։
 
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի, որ ինքը, իր հարազատներն ու ընկերներն առավել, քան մյուսները, պատասխանատու են օրենքի եւ բարոյական նորմերի առջեւ։
 
Այս հարցում իմ վճռականությունն անկոտրում է։
 
ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի ելույթը
 
ՀՀ Ազգային ժողովում 18 հունիսի 1999թ.
 
Սիրում ենք դրսերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք` ո՞վ է մեղավոր… Եկեք վերջապես քաջություն ունենանք խոստովանելու, որ մեղավոր ենք մենք բոլորս, մեր համընդհանուր անպատասխանատվությամբ եւ անփութությամբ։ Վարչապետից, նախարարներից սկսած մինչեւ պետական ծառայողներ ու մասնավոր ձեռնարկատերեր, բիզնեսմեններ, ֆերմերներ, քաղաքացիներ, գյուղացիներ… Ափսոս են վերջին տարիների մեր հրաշալի ձեռքբերումները` անկախ պետականության վերականգնում, պատերազմական հաղթանակներ, ժողովրդավարության սաղմնավորում, միջազգային հարգանք ու ճանաչում։
 
… Եկել է կանգ առնելու եւ մի պահ հետադարձ հայացք նետելու ժամանակը։ Ո՞ւր ենք գնում։ Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ։ Ումի՞ց ենք թաքցնում։ Ումի՞ց ենք գողանում։ Իհարկե, մեր սերունդներից ու ապագայից։
 
Ոչ մի տնտեսական ծրագիր, ոչ մի կառավարություն, ոչ մի դրսի օգնություն չի կարող ոտքի կանգնեցնել երկիրը, եթե մեզանից յուրաքանչյուրը տիրոջ եւ ծառայի պատասխանատվություն չզգա նրա նկատմամբ։
 
Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկ մեկու, իսկ սայլը տեղից էլ չի շարժվի։
 
Յուրաքանչյուր երկրում գոնե 20-30 բարձր պաշտոնյա պետք է լինի, որ պետական շահը վեր դասի անձնականից, վառվի աշխատանքի մեջ, իր ետեւից տանի մյուսներին։
 
Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է։ Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը։ Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից։
 
Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ, մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ։
 
ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի
 
հեռուստաելույթը Ազգային հեռուստատեսությամբ 28 հուլիսի 1999թ., ժամը 21.45
 
Մեր պայքարը պատերազմի, արյան եւ հերոսության դաշտից հեղափոխվել է տնտեսական դաշտ։
 
Պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում են այն ժողովուրդները, որոնք ավելի կազմակերպված են եւ ռացիոնալ։
 
Խորվիրապի խորանի դիմահար բլրի լանջին ես տեսնում եմ նաեւ Նոյ Նահապետի պատկերը Արարատին դեմ-հանդիման։ Տեսնում եմ մարդկության եւ քրիստոնեական քաղաքակրթության վերածնունդ հանդիսացած այս փոքրիկ` հավատի ու լեռնաշխարհի մշակների, այս փոքրիկ ածուի արժանապատիվ, մաքրակենցաղ ու բարգավաճ ապագան։
 
Դրա համար միայն մի բան է պետք.
 
օգտագործել շանսը, չապավինել հայոց վերջին խելքին, գործադրել այն այսօր, այս պահից, եւ հավատացեք, 21-րդ դարը մերն է լինելու։
 
ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի ելույթը
 
ՙՀայաստան-սփյուռք՚ համաժողովում, 23 սեպտեմբերի 1999թ.
 
Հայկական ավիացիան եւ ՙԶվարթնոց՚ օդանավակայանը, դրանք բոլորովին այլ բաներ են։ Դրանք մեր հիմնական կառույցներն են, վերգետնյա ողջ սիստեմներն են. այդ ամբողջ դաշտն է եւ ամբողջ հարստությունը, ինչ որ մենք ունենք ավիացիայում։ Դա, պարոնայք պատգամավորներ, կարող եք հանգիստ լինել, սեփականաշնորհման ենթակա չէ։ Եվ այս կառավարության օրոք երբեք ենթակա չի լինելու։ Կամ մի մասով պետք է կարողանանք սեփականաշնորհել, կամ համատեղ ձեռնարկություն պետք է ստեղծենք։
 
Չի կարելի ժողովրդին շինել լալկան, չի կարելի ժողովրդին դարձնել այսպես, ձեռքը մեկնած նպաստառու։ Աստիճանաբար մենք պետք է հասնենք նրան, որ մեր ժողովրդի մեջ աշխատողների թիվը, բարգավաճ ապրողների թիվը մեծանա, նպաստառուների թիվը փոքրանա։ Ցավոք սրտի, հասել ենք այն բարոյահոգեբանական վիճակին, որ մարդիկ, որոնք որ նպաստի կարիք, մյուսների համեմատ, գոնե, իրապես չունեն, ցանկանում են նպաստ ստանալ անգամ սեփական կովը վաճառելու գնով։
 
Ազգային ժողովում տրված հարցերին ՀՀ վարչապետ Վ. Սարգսյանի տված պատասխաններից
 
13 հոկտեմբերի 1999թ.
 
Կոռուպցիան կա աշխարհի բոլոր երկրներում, բոլորն էլ դրա դեմ պայքարում են։ Սակայն որոշ երկրներում, ուր երկիրն ու տնտեսությունը ոտքի կանգնեցնելու խնդիր կա, կոռուպցիան վերածվել է աղետի եւ խոչընդոտում է երկրի զարգացմանը։ Ահա այս վիճակն է այսօր Հայաստանում։ Կոռուպցիան լիովին վերացնել այսօր անհնար է։ մեր խնդիրն է կրճատել դրա ծավալները, հասցնելով գոնե այն աստիճանի, որ չխանգարի երկրի զարգացմանը։
 
Առանց կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ իրական պաքարի հնարավոր չէ ձեւավորել նաեւ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ հասարակության մեջ։ Այսօր ժամանակն է կարգախոսներից գործին անցնելու։
 
Ամենացավալին այն է սակայն, որ հասարակությունը կարծես թե համակերպվել է կոռուպցիայի եւ կաշառակերության առկայության հետ։ Այն դարձել է սովորական։ Պետք է ձեւավորենք կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության մթնոլորտ։ Այն ոչ թե ճակատագիր է, այլ ընդամենը դժվար լուծելի մի խնդիր։ Սակայն այդ խնդիրը մենք անպայման պետք է լուծենք։
 
Վազգեն Սարգսյանի ելույթը Հայաստանի Ազգային հեռուստատեսությամբ
 
21 հոկտեմբերի 1999թ.
 
Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել։ Չի ավարտվել։ Աստված գիտի` ինչ է լինելու։ Մենք մի քիչ թուլացանք` պարտվելու ենք։ Զգոն եղեք, չպարտվեք։ Էս տղերքը, որ հիմա կան, ութ տարի հետո պետք չեն լինելու։
 
Նրանք հարստություն են։ Նրանք պետք են էս երկրին։ Նրանք էս քարն ու թուփն անգիր գիտեն։ Եթե նրանցից մեկն ու մեկը մարզպետ լիներ, բոլոր գյուղապետերն զգաստ կանգնած կլինեին, բոլոր հարցերը լուծած կլինեին։
 
Մտածեք էս երկրի մասին։ Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը։ Սա է էսօր, ցավալիորեն, ամենակայացած արժեքը։ Ցավալիորեն։
 
Մտածեք էս երկրի մասին։
 
ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի բացառիկ խոսքը ՙՀայաստանի Հանրապետություն՚ օրաթերթին, տպագրված` 28 հոկտեմբերի 1999թ